Իմ մասին
Ես Շակարտն (Շանթ Կարապետյան) եմ՝ նկարիչ և բժիշկ։
Ծնվել եմ 1994 թվականի հոկտեմբերի 10-ին, Երևանում։ Մանկության տարիներից ինձ համար գոյություն ուներ երկու հավասարապես հզոր աշխարհ՝ գիտության և արվեստի աշխարհը։ Մեկը սովորեցնում էր հասկանալ կյանքը՝ վերլուծելով, մյուսը՝ զգալ այն՝ առանց բացատրելու։ Այդ երկուսի միջև անցնում է իմ ստեղծագործական և մարդկային ուղին։
Ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ Բժշկությունն ինձ բացեց մարդկային մարմնի ճշգրիտ կառուցվածքը, շարժումների տրամաբանությունը, ձևերի կատարյալ ներդաշնակությունը։ Բայց որքան խորանում էի նյութականում, այնքան ավելի էի զգում՝ իրական գեղեցկությունը թաքնված է անտեսանելիի մեջ։ Գիտությունը դարձավ հիմք, իսկ արվեստը՝ ճանապարհ։
Աշխատում եմ ֆոտոռեալիզմի և կլասիցիզմի ուղղություններով՝ միաժամանակ ներմուծելով մութ ռոմանտիզմի, սիմվոլիզմի և սյուրռեալիզմի տարրեր։ Ինձ համար գույնը ոչ թե պարզապես նյութ է, այլ հուզական էներգիա։ Լույսն ու ստվերը իմ լեզուն են․ դրանցով եմ կառուցում կերպարների ներքին լռությունը։
Յուրաքանչյուր կտավի հիմքում կա մի մարդկային պատմություն, մի հոգեբանական վիճակ՝ սեղմված ձևի և գծի մեջ։ Երբեմն նկարում եմ պատերազմ՝ առանց զենքի, երբեմն թագ՝ առանց թագավորի։ Այդ խորհրդանշական լեզուն իմ ձևն է խոսելու այն բանի մասին, ինչ խոսքերով չես ասի։
Բժշկական կրթությունը ինձ սովորեցրել է պլաստիկ անատոմիա՝ մարմնի կառուցվածքի ամենափոքր նրբությամբ։ Բայց տարիների ընթացքում ես հասկացա՝ կա նաև հոգեկան անատոմիա, որի վրա եմ աշխատում որպես նկարիչ։
Ինձ համար արվեստը փիլիսոփայություն է՝ հարցադրում, փորձարկում, փոխակերպում։
Իմ արվեստն անբուժելի է:
Կապ ինձ հետ
Հետևել սոցիալական ցանցերում
Տեղեկացեք իմ վերջին ստեղծագործությունների, ցուցահանդեսների և ստեղծագործական գործընթացի մասին: